Համաշխարհային ակումբային ֆուտբոլում վրա է հասել երկշաբաթյա հանգստի ժամանակը: Դա պայմանավորված է ազգային հավաքականների խաղերով: Ասել է թե՝ ֆուտբոլասերն իր սիրեցյալներին տեսնելուց զրկվելու հնարավորություն չի ունենա, ու դա հարկավ լավ է:
Հավաքականները` հավաքականներ, դրանց խաղերին եթե ոչ ամբողջական վերլուծությամբ, գոնե ինֆորմատիվ կարգով կանդրադառնանք` տեսնելու համար, թե գործնականում ով ինչ հեռանկարով է առաջնորդվում և ունի՞ արդյոք ցանկություններն իրականություն դարձնելու պոտենցիալ:
Բնականաբար այս կտրվածքով մեր ուշադրության կենտրոնում է Հայաստանի ընտրանին` այնտեղ սպասվելիք փոփոխություններով: Ասում ենք` սպասվելիք, որովհետև այն, ինչ մերոնք մատուցեցին այս շրջափուլում, պարզապես աղետալի էր, թեև գոնե իմ մեջ որոշակի տագնապ է լրջմիտ փոփոխությունների առումով, քանի որ այս ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերցրած դադարը փոխանակ լցվեր անցյալի թերացումների վերլուծություններով, իրականացնելիք ծրագրերի մատուցումով, այդ դադարը պոռթկաց միանգամայն այլ հարթությունում ու այլ կտրվածքով:
Բուժումից վերադարձած ֆեդերացիայի նախագահը, եթե դա, իհարկե, բուժում էր, հայկական ֆուտբոլի գերագույն գլխավոր հարցը տեսավ հավաքականի երկրպագուների հետ հաշիվներ պարզելու, նրանց ցեխակոլոլ անելու մեջ: Բան չունենք ասելու` ֆեդերացիայի նախագահին հաջողվում են հաշիվներ պարզելն ու գոնե առայժմ դրանցից չոր դուրս գալը, սակայն ստիպված ենք հիշեցնել, որ գլխավորը հայկական ֆուտբոլի հեռանկարն է, ու դրա համար կոչվածներից հիմնական պատասխանատուն ինքն է: Հավաքականին նախ գլխավոր մարզիչ է պետք, տեսլական ունեցող ու այն կյանքի կոչելու պոտենցիալ ունեցող մարզիչ, որ կարողանա թիմը դուրս բերել փոսից ու կանխանշել հեռանկար բանական ժամանակահատվածում, թե չէ որ, օրինակ, Սիբիրի կողմերում 2070-ի վերջերին կարող է բանան աճել, դա, կներեք, սկզբունքորեն ոչ մեկի տանձին էլ չէ: Անգամ շարքային քաղաքացի ավանցու, ով ֆեդերացիայի նախագահի հետ համաբնակության խնդիր ունի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ